Կաննում տեղի ունեցավ Քվենտին Տարանտինոյի “Once Upon a Time in Hollywood” ֆիլմի երկար սպասված պրեմիերան

Մինչդեռ համացանցը ծփում է «Գահերի խաղի» (“Game of Thrones”) մասին գրառումներով, մեկնաբանություններով և քննարկումներով, Ֆրանսիայի Կանն քաղաքում ընթանում է տարվա ամենասպասված կինոիրադարձություններից մեկը՝ Կաննի 72-րդ կինոփառատոնը:

Փառատոնի շրջանակներում երեկ՝ մայիսի 21-ին տեղի ունեցավ ամերիկացի վարպետ, «Ոսկե Արմավենու» և Օսկարի երկակի դափնեկիր Քվենտին Տարանտինոյի  «Մեկ անգամ Հոլիվուդում» (“Once Upon a Time in Hollywood“) ֆիլմի պրեմիերան: Երկրպագուների մի մեծ բանակ պայքարում էր ներս մտնելու և ֆիլմն առաջիններից վայելելու համար, և բոլոր նրանք, որոնց հաջողվեց անել դա, ուղղակի գերված են վարպետի նոր գործով: Ասում են՝ այս գործը չի զիջում Տարանտինոյի նախորդ աշխատանքներին: Տարվա ամենասպասված ֆիլմերից մեկի ավարտն օծվեց 7 րոպեանոց օվացիայով:

Տարանտինոն շնորհակալություն հայտնեց հանդիսատեսին, պրոդյուսերներին և անձնակազմին վերջիններիս աջակցության և սիրո համար:

«Շնորհակալ եմ, ֆանտաստիկ մարդիկ»,- ասել է Քվենտինը:

Հիշեցնենք, որ առաջին անգամ Տարանտինոն մասնակցել է Կաննի կինոփառատոնին 25 տարի առաջ, երբ վարպետը հանրության դատին հանձնեց իր «Քրեական ընթերցվածք» (“Pulp Fiction“) ֆիլմը: Ֆիլմը նրան «Ոսկե Արմավենու» արժանացրեց: Իսկ վերջին անգամ վարպետը 2009 թ. է Կաննում ներկայացրել իր «Անփառունակ սրիկաները» (“Inglourious Basterds”) ֆիլմը, որը թեպետ մրցանակի չարժանացավ, այնուամենայնիվ, մեծ աղմուկ հանեց: 

«Մեկ անգամ Հոլիվուդում» ֆիլմի իրադարձությունները զարգանում են 1969 թ. գլխավոր հերոսներ Քլիֆ Բութի և Ռիկ Դալթոնի շուրջ,  որոնք փորձում են գտնել իրենց տեղը Հոլիվուդում: Այս ֆիլմով Տարանտինոն պատվել է Հոլիվուդի «Ոսկե Շրջանը» և ևս մեկ անգամ վերհիշել այն բուռն ժամանակները:
Ֆիլմում նկարահանվել է  նաև անկրկնելի Մարգո Ռոբին, որը մարմնավարում է Շերոն Թեյթին: Բացի այդ ֆիլմում կտեսնենք Ալ Պաչինոյին, Կուրթ Ռասելին, Դակոտա Ֆենինգին ևն:

Երեկո էր, ժամը 18:00-ին կարմիր գորգի վրա են հայտնվում վարպետ Տարանտինոն, Լեոնարդո Դի Կապրիոն, Բրեդ Փիթը, Մարգո Ռոբին: Երկրպագուների մեծ բանակը ողջունում է աստղերին, հաջողակները հասցնում են լուսանկարել երեկոյի մեղավորներին և նրանցից ստորագրություն վերցնել: Նշենք, որ շատ շատերին այդպես էլ չի հաջողվել ներս մտնել և դիտել ֆիլմը, թեպետ նրանք երկար ժամանակ էին հերթի մեջ անցկացրել:
Ֆիլմը տևեց 2 ժամ 39 րոպե, իսկ դրա վերջում հանդիսատեսը բուռն ծափահարություններով շնորհակալություն հայտնեց վարպետին և դերասանական կազմին: Վերջում փառատոնի տնօրեն Թիերի Ֆրեմոն խնդրեց բոլոր նրանց, որոնք դիտեցին ֆիլմը, չսփոյլել այն:

«Տարանտինոն և ֆիլմարտադրողները խնդրում են չքննարկել ֆիլմը, և նրանք շատ կգնահատեն, եթե դուք թույլ տաք մյուսներին սրտատրոփ սպասել ֆիլմի՝ մեծ էկրաններ բարձրանալուն», -ասել է Ֆրեմոն: